Google Play-ի օգտագործման պայմաններ

Օգոստոսի 4, 2020 թ․

1. Ներածություն

Կիրառելի պայմաններ: Շնորհակալություն Google Play-ն օգտագործելու համար: Google Play-ը Google LLC-ի` գտնվող 1600 Amphitheatre Parkway, Mountain View California 94043, USA (այսուհետ՝ «Google» կամ «մենք») կողմից տրամադրվող ծառայություն է: Google Play-ի և հավելվածների (ներառյալ՝ Ակնթարթորեն գործարկվող Android հավելվածների), խաղերի, երաժշտության, ֆիլմերի, գրքերի, ամսագրերի կամ դրանում հասանելի այլ թվային բովանդակության կամ ծառայությունների (այսուհետ՝ «Բովանդակություն») Ձեր օգտագործումը պետք է համապատասխանի Google Play-ի օգտագործման այս պայմաններին և Google-ի օգտագործման պայմաններին (այսուհետ՝ «Google-ի օգտագործման պայմաններ») (այսուհետ միասին՝ «Պայմաններ»): Google Play-ը Google-ի օգտագործման պայմաններով սահմանված «Ծառայություն» է: Google Play-ի պայմանների և Google-ի օգտագործման պայմանների միջև որևէ հակասության դեպքում գերակայում են Google Play-ի կանոնները:

2. Google Play-ի Ձեր օգտագործումը

Բովանդակության հասանելիություն և օգտագործում: Դուք կարող եք օգտագործել Google Play-ը Ձեր հեռախոսում, համակարգչում, հեռուստացույցում, ժամացույցում կամ այլ աջակցվող սարքում (այսուհետ՝ «Սարք») Բովանդակություն դիտարկելու, տեղակայելու, գտնելու, հեռարձակելու կամ ներբեռնելու համար: Google Play-ն օգտագործելու համար Ձեզ անհրաժեշտ է Սարք, որը համապատասխանում է վերաբերելի Բովանդակության համար պահանջվող ծրագրակազմի և համատեղելիության պահանջներին։ Բովանդակության ու գործառույթների հասանելիությունը տարբերվում է տարբեր երկրներում, և ոչ ամբողջ Բովանդակությունը կամ գործառույթները կարող են հասանելի լինել Ձեր երկրում: Որոշ Բովանդակություն կարող է հասանելի լինել ընտանիքի անդամների հետ կիսելու համար։ Բովանդակությունը կարող է առաջարկվել Google-ի կողմից կամ հասանելի լինել Google-ի հետ չփոխկապակցված երրորդ անձանց կողմից: Google-ը պատասխանատվություն չի կրում Google-ից բացի այլ աղբյուրներից Google Play-ի միջոցով հասանելի դարձած որևէ Բովանդակության համար։

Տարիքային սահմանափակումներ: Google Play-ն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր Google հաշիվ (այսուհետ՝ «Google հաշիվ»), որը ենթակա է հետևյալ տարիքային սահմանափակումներին: Եթե Ձեր երկրում Դուք անչափահաս եք համարվում, Ձեր ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է թույլատրի Ձեզ օգտագործել Google Play-ն ու ընդունի Պայմանները: Դուք պետք է համապատասխանեք որևէ հավելյալ տարիքային սահմանափակումներին, որոնք կարող են կիրառվել Google Play-ում որոշակի Բովանդակություն և գործառույթ օգտագործելու համար: Ընտանեկան խմբի կառավարիչներն ու անդամները պետք է հետևեն նաև հավելյալ պահանջներին:

Երրորդ անձանց վճարներ: Դուք պատասխանատու եք Google Play-ի Ձեր օգտագործման և դրանում առկա Բովանդակությունը տեսնելու կապակցությամբ երրորդ անձանց (օրինակ՝ Ձեր ինտերնետ մատակարարի կամ բջջային օպերատորի) կողմից առաջացած ինտերնետ հասանելիության կամ տվյալների օգտագործման վճարների համար:

Թարմացումներ: Google Play-ը, դրա հետ կապված դարանները և Բովանդակությունը հնարավոր է թարմացման կարիք ունենան, օրինակ՝ վրիպակների շտկման, գործառույթների ընդլայնման, փլագինների ավելացման կամ նոր տարբերակների համար (հավաքական՝ «Թարմացումներ»): Նման թարմացումները կարող են պահանջվել, որպեսզի Դուք կարողանաք օգտագործել Google Play-ը կամ կարողանաք մուտք գործել, օգտագործել և ներբեռնել Բովանդակությունը։ Ընդունելով այս պայմաններն ու օգտագործելով Google Play-ը՝ Դուք համաձայնում եք ավտոմատ ստանալ նշված Թարմացումները: Դուք կարող եք կառավարել որոշակի Բովանդակության Թարմացումները Google Play-ի կարգավորումներում: Այդուհանդերձ, Բովանդակության անվտանգության հետ կապված հրատապ խնդիրների շտկման նպատակով Թարմացումը կարող է կատարվել անկախ Ձեր սարքում Google Play-ի կարգավորումներից: Եթե հավելվածների որևէ այլ հարթակի կողմից փորձ արվի թարմացնել Google Play-ից ներբեռնած Բովանդակությունը, Դուք զգուշացում կստանաք այդ մասին կամ այդպիսի թարմացումներն անմիջապես կչեղարկվեն։

Տեղեկություններ Ձեր մասին: Google-ի գաղտնիության քաղաքականությունը բացատրում է մեր վերաբերմունքը Ձեր անձնական տվյալներին և գաղտնիության պաշտպանությանը Google Play-ն օգտագործելիս: Google-ը կարող է տրամադրել Ձեր անձնական տվյալները (օրինակ՝ անունը կամ էլ․փոստի հասցեն) Մատակարարներին՝ Ձեր գործարքներին ընթացք տալու կամ Ձեզ Բովանդակություն տրամադրելու համար: Մատակարարները համաձայնում են օգտագործել այդ տեղեկությունները իրենց գաղտնիության քաղաքականության համաձայն։

Եթե Դուք հանդիսանում եք Google Play-ում ընտանեկան խմբի անդամ, ապա Ձեր ընտանիքի անդամները կկարողանան տեսնել Ձեր մասին որոշակի տեղեկություններ: Եթե Դուք Google Play-ում ընտանեկան խմբի կառավարիչն եք, ընտանիքի այն անդամները, որոնց Դուք հրավիրում եք միանալ ընտանեկան խմբին, կտեսնեն Ձեր անունը, լուսանկարը և էլ․փոստի հասցեն: Ձեր ընտանիքի կառավարիչը նույնպես կարող է տեսնել Ձեր տարիքը և այն գնումների մասին նշումը, որ Դուք կատարում եք՝ օգտագործելով սահմանված ընտանեկան վճարման եղանակը, ներառյալ՝ գնված Բովանդակության նկարագրությունը: Եթե բովանդակությունը հասանելի է ընտանիքով կիսվելու համար, և Դուք կիսում եք դա ընտանեկան խմբի հետ, ապա ընտանիքի բոլոր անդամները կկարողանան մուտք գործել Բովանդակություն և տեսնել, թե Դուք ինչ եք գնել:

Չարտոնված մուտք Ձեր հաշիվ: Դուք պետք է պաշտպանեք Ձեր հաշվի տվյալներն ու չպետք է տրամադրեք դրանք որևէ այլ անձի: Դուք Google Play-ի միջոցով չպետք է հավաքեք Google Play-ի կամ Google-ի մյուս ծառայությունների օգտատերերի տվյալները, ներառյալ հաշվի անունները:

Կասեցված հաշիվներ: Եթե Google-ը կասեցնում է Ձեր հաշվի մուտքը Պայմանների համաձայն (օրինակ՝ եթե խախտում եք Պայմանները), ապա Ձեր մուտքը Google Play կարող է արգելափակվել, և Ձեր հաշվի տվյալները, հաշվում պահվող Բովանդակությունն ու բոլոր ֆայլերը Ձեզ հասանելի չեն լինի: Այլ տեղեկությունների համար այցելեք Օգնության կենտրոն: Եթե Դուք ընտանեկան խմբի կառավարիչ եք Google Play-ում, և Google-ը կասեցնում է Ձեր հաշվի մուտքը, ապա Ձեր ընտանեկան խմբի անդամները կարող են կորցնել ընտանեկան խմբի գործառույթներ մուտք գործելու հնարավորությունը, որի համար պահանջվում է ընտանեկան խումբ, ինչպես օրինակ՝ ընտանեկան խմբի վճարման եղանակը, ընտանեկան խմբի բաժանորդագրությունները կամ ընտանեկան խմբի անդամների կողմից կիսած Բովանդակությունը: Եթե Դուք ընտանեկան խմբի անդամն եք Google Play-ում, և Google-ը կասեցնում է Ձեր հաշիվը, ապա Ձեր ընտանեկան խմբի անդամները չեն կարողանա օգտագործել այն Բովանդակությունը, որը Դուք կիսել եք նրանց հետ:

Պաշտպանություն վնասագրերից: Ձեզ երրորդ անձանց վնասաբեր ծրագրերից, URL-ներից և անվտանգությանն առնչվող այլ խնդիրներից պաշտպանելու համար Google-ը կարող է տեղեկություններ ստանալ ձեր Սարքի ցանցային միացումների, հավանական վնասաբեր URL-ների, օպերացիոն համակարգի և Google Play-ի միջոցով կամ այլ աղբյուրներից Ձեր Սարքում տեղադրված այլ հավելվածների մասին: Google-ը կարող է Ձեզ զգուշացնել, եթե համարի, որ հավելվածը կամ URL-ը անվտանգ չէ, կամ Google-ը կարող է հեռացնել հավելվածը Ձեր Սարքից կամ արգելափակել դրա տեղադրումը, եթե հավելվածը հայտնի է որպես սարքերի, տվյալների կամ օգտատերերի համար վնասաբեր: Դուք կարող եք անջատել պաշտպանության այս տեսակներից որոշները Ձեր Սարքի կարգավորումներում, այնուամենայնիվ, Google-ը կարող է շարունակել ստանալ տեղեկություններ Google Play-ի միջոցով Ձեր Սարքին տեղադրված հավելվածների մասին, իսկ այլ աղբյուրներից Ձեր Սարքում տեղադրված հավելվածները կշարունակեն վերլուծվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ առանց Google-ին տեղեկություններ ուղարկելու։

Ակնթարթորեն գործարկվող Android հավելվածներ: Երբ ձեր Սարքում հղման վրա սեղմեք, Google Play-ը կստուգի՝ կա արդյոք կիրառելի ակնթարթային գործարկվող հավելված, և առկայության դեպքում կտեղափոխի դեպի այդ հավելված: Ցանկացած կոդ, որն անհրաժեշտ կլինի ակնթարթորեն գործարկվող հավելվածի աշխատեցման համար, կներբեռնվի Ձեր Սարքում և ժամանակավորապես կպահվի այնտեղ: Ակնթարթորեն գործարկվող հավելվածի մասին տեղեկություններ կարող եք գտնել Google Play Խանութում: Ակնթարթորեն գործարկվող Android հավելվածները համաժամեցվում են այն սարքերի հետ, որտեղ մուտք եք գործել Google հաշվով: Դուք կարող եք անջատել ակնթարթորեն գործարկվող Android հավելվածների օգտագործումը Ձեր Սարքի կարգավորումներում:

Այս Պայմանների փոփոխությունները: Այս Պայմանները փոփոխվելու դեպքում Դուք առնվազն 30 օր առաջ կստանաք ծանուցում, և նոր Պայմաններն ուժի մեջ կմտնեն այդ ծանուցման ժամկետից հետո: Այդ ծանուցման ժամկետի ավարտից հետո Google Play-ի Ձեր շարունակական օգտագործումը կմատնանշի նոր Պայմանների ընդունումը Ձեր կողմից: Նոր Պայմանները կկիրառվեն Ձեր կողմից ամբողջ Բովանդակության օգտագործման (ներառյալ՝ նախկինում Ձեր կողմից տեղադրված կամ գնված Բովանդակության) և բոլոր հետագա տեղադրումների և գնումների նկատմամբ: Եթե Դուք համաձայն չեք նման փոփոխությունների հետ, Ձեզ հնարավորություն կտրվի ներբեռնել Ձեր կողմից նախկինում գնված կամ տեղադրված Բովանդակությունը և դադարեցնել Google Play-ի Ձեր օգտագործումը: Դուք կարող եք շարունակել տեսնել Բովանդակության կրկնօրինակը Ձեր Սարքերի վրա Ձեր կողմից հաստատված Պայմանների վերջին տարբերակին համապատասխան:

3. Գնումներ և վճարումներ

Անվճար բովանդակություն: Google-ը կարող է թույլատրել Ձեզ Gogle Play-ում ներբեռնել, դիտել և օգտագործել անվճար Բովանդակություն: Որոշ անվճար Բովանդակություն մուտք գործելու և օգտագործելու համար կարող են հավելյալ սահմանափակումներ կիրառվել:

Բովանդակության գնում: Երբ Դուք գնում եք Բովանդակություն կամ օգտագործում եք Google Play-ը, Դուք ըստ այս Պայմանների առանձին գնման համաձայնագիր եք կնքում (կիրառելիության դեպքում) վաճառողի հետ, որը կարող է լինել՝

(ա) Google Commerce Limited, կամ

(բ) Բովանդակության մատակարարը («Մատակարար»), ներառյալ՝ երբ Google Commerce Limited-ը հանդես է գալիս որպես Մատակարարի գործակալ:

Գնման առանձին պայմանագիրը հանդիսանում է այս Պայմանների լրացում։

Այն գնումների համար, որտեղ Google-ը հանդես է գալիս որպես Մատակարարի գործակալ, Google-ի օգտագործման պայմանների այն դրույթը, որում սահմանվում է, որ Google-ի օգտագործման պայմանները «չեն ստեղծում երրորդ անձ շահառուների իրավունքներ», չի կիրառվում Google Play-ի Ձեր օգտագործման նկատմամբ։

Բովանդակության գնման և օգտագործման Ձեր համաձայնագիրը համարվում է կնքված այն պահին, երբ ստանում եք Google-ից նամակ, որը հաստատում է Բովանդակության գնումը, և այս համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես, երբ գնումն ավարտվում է։

Նախնական պատվերներ: Երբ Դուք տեղադրում եք Բովանդակության համար նախնական պատվեր, այդ տարրի գնման և օգտագործման համաձայնագիրը կնքվում է, երբ Բովանդակությունը դառնում է Ձեզ հասանելի, և այդ ժամանակ Ձեզանից կգանձվի այդ գնման գումարը: Դուք կարող եք չեղարկել Ձեր նախնական պատվերը ցանկացած ժամանակ մինչ այն պահը, երբ Բովանդակությունը դառնում է Ձեզ հասանելի: Մեզ անհրաժեշտ կլինի չեղարկել Ձեր նախնական պատվերը, եթե Բովանդակությունը հանվում է Google Play-ի միջոցով վաճառքից, նախքան այն դառնում է հասանելի, և մենք պահպանում ենք Ձեր պատվերը չեղարկելու իրավունքը, եթե գինը փոխվում է նախքան Ձեր պատվերի կատարումը:

Ընտանեկան խմբի վճարման եղանակ: Եթե Դուք հանդիսանում եք Google Play-ում ընտանեկան խմբի կառավարիչ, Ձեզանից կպահանջվի օգտագործել ընտանեկան խմբի վավեր վճարման եղանակ Ձեր ընտանիքի անդամների համար Google Play-ում և հավելվածներում Բովանդակություն գնելու համար: Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր ընտանիքի բոլոր անդամների կողմից ընտանեկան խմբի վճարման եղանակի օգտագործմամբ Բովանդակության բոլոր գնումների համար: Եթե ընտանեկան խումբը ջնջվում է, կամ ընտանիքի անդամը լքում է խումբը, Ձեզանից կարող են գանձվել ընտանիքի անդամների կողմից ընտանեկան վճարման եղանակի օգտագործմամբ կատարված, ընթացքի մեջ գտնվող գնումների գումարները:

Google Payments: Google Play-ի միջոցով Բովանդակություն գնելու համար Դուք պետք է ունենաք Google Payments հաշիվ և համաձայնեք Google Payments-ի օգտագործման պայմաններին:Google Payments-ի գաղտնիության ծանուցումը կիրառվում է Google Payments հաշվով գնումներ կատարելու դեպքում: Դուք պատասխանատու եք Google Play-ում Google Payments հաշվով կատարած գնումների վճարման համար։

Վճարումների կատարման այլ եղանակներ: Google-ը կարող է, ի լրումն Google Payments-ի, Google Play-ի միջոցով Բովանդակության գնումը հեշտացնելու համար Ձեզ հասանելի դարձնել վճարման տարբեր եղանակներ: Դուք պետք է ենթարկվեք Google-ի կամ որևէ երրորդ անձի հետ կնքված վերաբերելի պայմաններին կամ այլ իրավական համաձայնագրին, որը կարգավորում է վճարման կատարման տվյալ եղանակի օգտագործումը: Google-ը կարող է իր սեփական հայեցողությամբ ավելացնել կամ հանել վճարման եղանակներ: Դուք ինքնուրույն պատասխանատվություն եք կրում Google Play-ում Ձեր կողմից կատարվող բոլոր վճարումների հետ կապված վճարման ենթակա բոլոր գումարների համար:

Ցանցի օպերատորի վճարման իրավասությունը։ Ձեր Սարքերի միջոցով Բովանդակության այն գնումների համար Ձեր իրավասությունը որոշելու նպատակով, որոնք վճարվում են Ձեր ցանցի մատակարարի հաշվին, երբ Դուք Սարքում ստեղծում եք Google Play հաշիվ, մենք Ձեր ցանցի մատակարարին կուղարկենք Ձեր Սարքի նույնացուցիչները, օրինակ՝ բաժանորդի նույնականացման քարտի կամ SIM քարտի սերիայի համարները: Սա թույլատրելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի ընդունել ցանցի մատակարարի ծառայության պայմանները: Ցանցի մատակարարը կարող է մեզ ուղարկել Ձեր վճարային հասցեի տեղեկությունները: Մենք կպահենք և կօգտագործենք այդ տեղեկությունները Google-ի գաղտնիության քաղաքականություններին և Google Payments-ի գաղտնիության ծանուցմանը համապատասխան:

Գներ: Google Play-ում ներկայացված Բովանդակության գներն ու հասանելիությունը մինչև գնումը ցանկացած պահի կարող են փոփոխվել:

Հարկեր: «Հարկեր» նշանակում է տուրքեր, մաքսային վճարներ, գանձումներ կամ հարկեր (բացի շահութահարկից)՝ կապված Բովանդակության վաճառքի հետ, ներառյալ՝ վերաբերելի տույժեր կամ տոկոսներ: Դուք պատասխանատվություն եք կրում Հարկերի համար և պետք է վճարեք Բովանդակության համար առանց Հարկերի որևէ նվազեցման: Եթե Բովանդակության վաճառողը կամ Google-ը պարտավոր է հավաքել կամ վճարել Հարկեր, Հարկերը կգանձվեն Ձեզանից: Դուք պետք է համապատասխանեք որևէ և բոլոր կիրառելի հարկային օրենքներին, ներառյալ՝ Ձեր կողմից Google Play-ի օգտագործման կամ Google Play-ում կամ դրա միջոցով Բովանդակության գնման կապակցությամբ առաջացող Հարկերի հայտարարման և վճարման վերաբերյալ: Այդպիսի կիրառելի Հարկերի հայտարարման և վճարման համար պատասխանատվությունը կրում եք Դուք:

Բոլոր վաճառքները հանդիսանում են վերջնական: Գնումների չեղարկման, կանխիկացման, հետ վերադարձի և հետվճարման Ձեր իրավունքների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ Google Play-ի փոխհատուցման քաղաքականության մեջ: Բոլոր վաճառքները հանդիսանում են վերջնական, և վերադարձ, փոխանակում ու հետվճարում չի կատարվում։ Բացառությամբ Google Play-ի փոխհատուցման քաղաքականությամբ կամ Մատակարարի փոխհատուցման քաղաքականությամբ ուղղակիորեն այլ բան սահմանված լինելու դեպքերի, բոլոր վաճառքները վերջնական են, և վերադարձ, փոխանակում ու հետվճարում չեն թույլատրվում։ Եթե գործարքի համար նախատեսված է փոխարինում, վերադարձ կամ հետվճարում, ապա այն կարող է չեղարկվել, և Դուք այլևս չեք կարողանա մուտք գործել Բովանդակություն, որը ձեռք էիք բերել այդ գործարքի միջոցով։

Բաժանորդագրություններ: Բաժանորդագրությունների համար վճարումը կատարվում է ավտոմատ (ամեն շաբաթ, ամիս, տարի կամ այլ տարբերակով), և Ձեզանից գանձում կկատարվի ոչ ուշ, քան հաշվարկային ժամանակահատվածից 24 ժամ առաջ:

(ա) Փորձաշրջան: Բովանդակության համար որոշակի գնով բաժանորդագրվելու դեպքում Դուք կարող եք անվճար բաժանորդագրություն ստանալ հատուկ ժամանակահատվածի համար, որից հետո պետք է վճարեք այնքան ժամանակ, մինչև կչեղարկեք բաժանորդագրությունը: Գանձումից խուսափելու համար Դուք պետք է չեղարկեք բաժանորդագրությունը մինչև փորձաշրջանի ավարտը: Ձեր փորձաշրջանը չեղարկելու պահից Դուք այլևս չեք կարողանա օգտվել համապատասխան հավելվածից ու բաժանորդագրության առավելություններից, եթե այլ բան նախատեսված չէ: Նմանատիպ փորձաշրջանների օգտագործումը կարող է սահմանափակվել յուրաքանչյուր օգտատիրոջ համար փորձաշրջանների որոշակի քանակով և որոշակի ժամանակահատվածով կամ այլ սահմանափակումներով:

(բ) Չեղարկումներ: Դուք կարող եք չեղարկել բաժանորդագրությունները ցանկացած պահի՝ մինչև Օգնության կենտրոնում սահմանված կիրառելի հաշվարկային ժամանակահատվածի ավարտը, և չեղարկումը կկիրառվի հաջորդ ժամանակահատվածի նկատմամբ: Օրինակ՝ եթե Դուք գնում եք ամսական բաժանորդագրություն, Դուք կարող եք չեղարկել այդ բաժանորդագրությունը բաժանորդագրության ամսվա ընթացքում ցանկացած պահի, և բաժանորդագրությունը կչեղարկվի հաջորդ ամսվանից: Դուք չեք ստանա ընթացիկ հաշվարկային ժամանակահատվածի համար փոխհատուցում, բացառությամբ Google Play-ի փոխհատուցման քաղաքականությամբ այլ բան սահմանված լինելու դեպքերի (օրինակ՝ եթե Բովանդակությունը թերի է): Google Play Մամուլի բաժանորդագրություններ։ Դուք կշարունակեք ստանալ համապատասխան բաժանորդագրության Բովանդակություն և Թարմացումներ (կիրառելիության դեպքում) ընթացիկ հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում: Այդ հաշվարկային ժամանակահատվածն ավարտվելուց հետո Ձեզ հասանելի կլինեն նախկինում ուղարկված ամսագրերի թողարկումները, սակայն Ձեր մուտքը վճարովի նորությունների բովանդակությանը կավարտվի հաշվարկային ժամանակահատվածի ավարտին, որի ընթացքում Ձեր բաժանորդագրությունը չեղարկվում է: Եթե Դուք չեղարկեք անվճար փորձաշրջանի ընթացքում, Ձեզ հասանելի կլինեն այն ամսագրերի թողարկումները, որոնց Դուք մուտք եք գործում անվճար փորձաշրջանի ընթացքում, սակայն նորությունների բովանդակությունը Ձեզ հասանելի չի լինի: Google Play Երաժշտության բաժանորդագրություններ։ Եթե Դուք չեղարկեք Google Play երաժշտության Ձեր բաժանորդագրությունը, Ձեզ հասանելի կմնա Google Play երաժշտության բաժանորդագրության Բովանդակությունը հաշվարկային ժամանակահատվածի մնացած ժամանակահատվածի ընթացքում, այնուամենայնիվ, դրա հասանելիությունը Ձեզ համար կդադարեցվի այն հաշվարկային ժամանակահատվածի ավարտին, որի ընթացքում Ձեր բաժանորդագրությունը չեղարկվում է: Եթե Դուք չեղարկեք Google Play Երաժշտության Ձեր բաժանորդագրությունն անվճար փորձաշրջանի ընթացքում, ապա չի պահպանվի Google Play Երաժշտության բաժանորդագրության Բովանդակության հասանելիությունը, որը Դուք ունեցել եք անվճար փորձաշրջանի ընթացքում:

(գ) Զեղչեր տպագիր տարբերակի բաժանորդների: Որոշ պարբերականների Մատակարարներ կարող են Ձեզ թույլ տալ Google Play-ում բաժանորդագրվել Բովանդակությանը զեղչված գնով, եթե տպագիր տարբերակի բաժանորդ եք հանդիսանում։ Եթե Դուք չեղարկեք տպագիր պարբերականի բաժանորդագրությունը, կամ եթե այն ավարտվի, ու Դուք չթարմացնեք դրա բաժանորդագրությունը, Google Play-ում Բովանդակության բաժանորդագրության Ձեր զեղչն ավտոմատ կչեղարկվի:

(դ) Գնի փոփոխություն: Բաժանորդագրություն գնելիս Դուք նախապես կվճարեք այն գնով, որը գործում է բաժանորդագրության համաձայնագիրը կնքելիս։ Եթե հետագայում բաժանորդագրության գինը բարձրանա, Google-ը կտեղեկացնի Ձեզ այդ մասին։ Բարձր գինը կկիրառվի հաջորդ վճարման ժամանակ՝ ծանուցումից հետո, եթե հաջորդ վճարումից նվազագույնը 10 օր առաջ Ձեզ ուղարկվել է ծանուցում։ Եթե ծանուցումն ուղարկվել է վճարման օրվանից ավելի ուշ, քան 10 օր առաջ, ապա բարձր գինը չի կիրառվի հաջորդ հաշվարկային ժամանակահատվածի համար՝ մինչ դրան հաջորդող վճարումը։ Եթե բաժանորդագրության համար չեք ցանկանում վճարել բարձր գին, Դուք կարող եք չեղարկել այն համաձայն այս Պայմանների «Չեղարկումներ» բաժնի, և բաժանորդագրության համար Ձեզնից գանձում այլևս չի կատարվի, եթե չեղարկումը կատարել եք մինչև ընթացիկ հաշվարկային ժամանակահատվածի ավարտը։ Եթե Մատակարարը բարձրացնում է բաժանորդագրության գինը, և համաձայնություն է պահանջվում, Google-ը կարող է չեղարկել Ձեր բաժանորդագրությունը, եթե Դուք չեք համաձայնում նոր գնին: Եթե Ձեր բաժանորդագրությունը չեղարկվում է, և Դուք հետո որոշում եք նորից բաժանորդագրվել, Դուք կվճարեք բաժանորդագրության այդ պահի համար կիրառելի ընթացիկ գինը։

4. Իրավունքներ և սահմանափակումներ

Բովանդակության օգտագործման լիցենզիա: Գործարքի ավարտից կամ Բովանդակության համար վճարելուց հետո Դուք կունենաք ոչ բացառիկ իրավունք պահել, մուտք գործել, դիտել, օգտագործել և ցուցադրել Ձեր սարքերի վրա կիրառելի Բովանդակության կրկնօրինակները միայն այս Պայմաններով ու կապված քաղաքականություններում ուղղակիորեն թույլատրված կերպով, կամ ինչպես այլ կերպ թույլատրված է որպես Ծառայության մի մաս՝ միայն Ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման նպատակով։ Google Play-ում և ուղղակիորեն Ձեզ չտրամադրված Բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները, սեփականությունն ու շահերը պաշտպանված են։ Ձեր կողմից հավելվածների և խաղերի օգտագործումը կարող է կարգավորվել Ձեր և Մատակարարի միջև վերջնական օգտատիրոջ լիցենզային համաձայնագրի պայմաններով։

Լիցենզիայի պայմանների խախտում: Եթե Դուք խախտեք Պայմաններից որևէ մեկը, սույն լիցենզիայով սահմանված Ձեր իրավունքները կկասեցվեն: Google Play-ը կարող է նաև կասեցնել Բովանդակության, Google հաշվի և Google Play-ի օգտագործման Ձեր թույլտվությունը՝ առանց վճարումը հետ վերադարձնելու:

Սահմանափակումներ: Դուք չեք կարող՝

Դրույթներ երրորդ անձանց մասին: Անկախ այս Պայմաններում հակառակը սահմանված լինելուց, երրորդ անձինք, որոնք լիցենզիայով հանձնում են իրենց Բովանդակությունը Google-ին, այս Պայմանների իմաստով համարվում են երրորդ անձ շահառուներ բացառապես սույն Պայմաններում սահմանված կոնկրետ դեպքերում, որոնք ուղղակիորեն վերաբերում են իրենց Բովանդակությանը (այսուհետ՝ «Երրորդ անձի դրույթներ») և բացառապես այդ երրորդ անձանց կողմից նման Բովանդակության նկատմամբ իրենց իրավունքներն իրականացնելու նպատակով։ Տարակարծությունից խուսափելու համար այս Պայմանների ոչ մի դրույթ որևէ կողմի չի վերապահում երրորդ անձ շահառուի իրավունք այն դրույթների կապակցությամբ, որոնք դուրս են Երրորդ անձի դրույթներից, որը ներառում է, առանց սահմանափակման՝ այն դրույթները կամ համաձայնությունները, որոնք ներառված են այս Պայմաններում հղումների միջոցով կամ հիշատակվում են առանց ներառվելու այս Պայմաններում:

Google Play-ի Բովանդակությանը վերաբերող կանոններ: Google Play-ում կարծիքների հրապարակումը կարգավորվում է հետևյալ կանոններով: Եթե ուզում եք հաղորդել չարաշահման կամ բովանդակության այլ խախտման մասին, սեղմեք այստեղ:

Թերի բովանդակություն: Ձեր հաշվի միջոցով Բովանդակություն մուտք ստանալուց հետո Դուք պետք է ողջամտորեն հնարավորինս շուտհամոզվեք, որ այն գործում և աշխատում է, ինչպես սահմանված է, և ողջամտորեն հնարավորինս շուտ տեղեկացնեք մեզ կամ Մատակարարին, եթե հայտնաբերեք խափանումներ կամ թերություններ: Մանրամասների համար կարդացեք Google Play-ի փոխհատուցման քաղաքականությունը:

Բովանդակության հեռացում կամ անհասանելիություն: Պայմանների համաձայն Բովանդակությունը, որը Դուք գնում կամ տեղադրում եք, հասանելի կդառնա Google Play-ի միջոցով Ձեր կողմից ընտրված ժամանակահատվածի համար՝ վարձակալության ժամանակահատվածով գնման դեպքում, և այլ դեպքերում, այնքանով, ինչքանով Google-ն իրավունք ունի Բովանդակությունը հասանելի դարձնել Ձեզ: Որոշ դեպքերում (օրինակ եթե Google-ը կորցնում է համապատասխան իրավունքները, ծառայությունը կամ Բովանդակությունն ընդհատվում է, առկա են անվտանգության անհապաղ հարցեր, կամ առկա են օրենքի կիրառելի պայմանների խախտումներ) Google-ը կարող է Ձեր Սարքից հեռացնել կամ դադարեցնել Ձեզ ապահովել Ձեր կողմից գնված որոշակի Բովանդակության հասանելիությամբ: Google Commerce Limited-ի կողմից վաճառված Բովանդակության համար հնարավորինության դեպքում Դուք կարող եք ստանալ այդպիսի հեռացման կամ դադարեցման մասին ծանուցում: Եթե Դուք ի վիճակի չեք նախքան այդ հեռացումը կամ դադարեցումը ներբեռնել Բովանդակության կրկնօրինակը, Google-ը կարող է Ձեզ առաջարկել (ա) հնարավորության դեպքում Բովանդակության փոխարինում կամ (բ) Բովանդակության գնի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում: Եթե Google-ը Ձեզ տրամադրում է փոխհատուցում, այդ փոխհատուցումը համարվում է Ձեր միակ հատուցումը:

Մի քանի հաշիվներ: Եթե Դուք ունեք տարբեր օգտանուններով մի քանի Google հաշիվներ, որոշ դեպքերում Դուք կարող եք տեղափոխել Բովանդակությունը մի հաշվից մյուսը, պայմանով, որ Դուք հանդիսանում եք յուրաքանչյուր այդպիսի հաշվի իրավատերը, և Google-ը ակտիվացրել է այդպիսի տեղափոխումների կատարումը թույլատրող համապատասխան ծառայության գործառույթը:

Սարքերում հասանելիության սահմանափակում: Google-ը ժամանակ առ ժամանակ կարող է սահմանափակել Սարքերի և/կամ ծրագրերի քանակը, որոնք Դուք կարող եք օգտագործել Բովանդակության հասանելիության համար: Google Play Երաժշտության կամ Google Play Ֆիլմերի և հեռուստատեսության սահմանափակումների մասին կարող եք ծանոթանալ Google Play Երաժշտության օգնության կենտրոնում և Google Play Ֆիլմերի և հեռուստատեսության օգտագործման կանոններում:

Վտանգավոր գործունեություն: Ծառայություններից կամ Բովանդակությունից ոչ մեկը նախատեսված չէ միջուկային օբյեկտներում, կենսական նշանակության համակարգերում, վթարային կապի ժամանակ, օդանավերի նավիգացիայի, օդային խցանումների կառավարման համակարգերի կամ որևէ այլ նման գործողությունների համար օգտագործելու համար, որոնց դեպքում Ծառայությունների և Բովանդակության խափանումը կարող է հանգեցնել մահվան, անձնական վնասի կամ առողջությանը կամ շրջակա միջավայրին ծանր վնասի:

Google Play Ֆիլմեր: Google Play Ֆիլմերի հասանելիության և օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տվյալների և սահմանափակումների համար խնդրում ենք Google Play Ֆիլմերի օգտագործման կանոնները:

Google Play Երաժշտություն

Google Play-ը Ձեզ թույլ է տալիս դիտել, նայել, տարածել, գնել, ներբեռնել, խորհուրդ տալ և օգտագործել բազմազան թվային երաժշտություն և երաժշտության հետ կապված բովանդակություն, ինչպես օրինակ՝ երաժշտական ֆայլեր, երաժշտական տեսաֆայլեր, նախադիտումներ, հոլովակներ, արտիստների մասին տեղեկատվություն, օգտատերերի գնահատականներ, երրորդ անձ մասնագետների երաժշտական կարծիքներ և թվային այլ նյութեր (այսուհետ՝ «Երաժշտական արտադրանք»):

Պահված բովանդակություն: Google Play-ի օգնությամբ Դուք կարող եք պահել թվային բովանդակություն (օրինակ՝ երաժշտական ֆայլեր, հարակից մետատվյալներ և ալբոմների շապիկներ (album art)) Երաժշտական դարանում՝ օգտագործելով սեփական Երաժշտական ծրագրերը, ինչպես յուրաքանչյուրը սահմանված է ստորև (այսուհետ՝ «Պահված բովանդակություն»)։ Տարակարծությունից խուսափելու համար «Երաժշտական արտադրանքը» չի ներառում Պահված բովանդակությունը։ Պահված բովանդակությունը կարող է ներառել թե՛ Ձեր կողմից անմիջականորեն Երաժշտական դարանում վերբեռնված ֆայլեր, թե՛ ֆայլեր, որոնք Google-ը «գտել և համատեղել է» Ձեր Սարքերում պահվող ֆայլերի հետ։

Երաժշտադարանի ծառայություններ: Google Play-ը կարող է տրամադրել Ձեզ մուտք (ա) սերվերային տարածքներ, որոնք Դուք կարող եք օգտագործել երաժշտություն և հարակից տվյալների ֆայլեր, ներառյալ՝ Երաժշտական արտադրանքներ և Պահված Բովանդակություն պահելու համար (այսուհետ՝ «Երաժշտական պահոց») կամ (b) ծրագրային հավելվածներ (ներառյալ համակարգչային, բջջային և վեբ հավելվածներ) և առնչվող ծառայություններ, որոնք թույլ են տալիս վերբեռնել, կառավարել, բացել և լսել երաժշտություն Երաժշտական պահոցի միջոցով (այսուհետ՝ «Երաժշտական ծրագիր»): Երաժշտական պահոցն ու Երաժշտական ծրագիրը այս Պայմաններում միասնաբար կոչվում են «Երաժշտադարանի ծառայություններ»:

Երաժշտադարանի ծառայությունների օգտագործում: Երաժշտադարանում վերբեռնելով Երաժշտական արտադրանքներ և Պահված բովանդակություն՝ Դուք պահում եք այդպիսի Բովանդակության յուրահատուկ կրկնօրինակ և հայցում Google-ից Ձեր անունից պահել և Ձեզ հասանելի դարձնել այն Ձեր Google հաշվի միջոցով։ Օգտագործելով Երաժշտական դարանի ծառայությունները՝ Դուք հայցում եք Google-ից Ձեզ հասանելի դարձնել Երաժշտադարանի բոլոր անհրաժեշտ գործառույթները՝ Երաժշտական արտադրանքների ու Պահված բովանդակության Ձեր օգտագործումը հեշտացնելու համար։ Դուք գիտակցում եք, որ Ձեր հարցումով Երաժշտադարանի ծառայությունների համար անհրաժեշտ տեխնիկական գործողություններ կատարելով Google-ը կարող է՝ (ա) փոխանցել Երաժշտական արտադրանքները և Պահված բովանդակությունը տարբեր ցանցերով և միջոցներով և (բ) Երաժշտական արտադրանքներում և Պահված Բովանդակության մեջ կատարել փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են կապակցվող ցանցերի, սարքերի, ծառայությունների և կրիչների տեխնիկական պահանջներին բավարարելու և հարմարեցնելու համար։ Դուք հաստատում և երաշխավորում եք Google-ին, որ Դուք ունեք այն Պահված բովանդակությունը Երաժշտադարանում վերբեռնելու համար անհրաժեշտ իրավունքներ, որը Դուք հանձնարարում եք Google-ին վերբեռնել կամ պահել Երաժշտադարանում, և հանձնարարել Google-ին կատարել այս բաժնում բնութագրված գործողությունները։

Google-ի բաժանորդագրության այլ ծառայություններ: Google Play-ի և Google Play երաժշտական բաժանորդագրության այլ ծառայությունների Ձեր օգտագործումը կարգավորվում է բացառապես այս Պայմաններով և ոչ թե Google-ի որևէ այլ արտադրանքի վերաբերող պայմաններով, ներառյալ՝ Google-ի որևէ այլ արտադրանքի, որի միջոցով Դուք մուտք եք ստանում Google Play-ի երաժշտական բաժանորդագրություն։

Google Play Մամուլ:

Google-ի կողմից պարբերականներին տրամադրվող տեղեկություններ: Եթե Դուք բաժանորդագրվում եք Google Play-ում որևէ պարբերականի, Google-ը կարող է պարբերականի հրատարակչին տրամադրել Ձեր անունը, էլ.փոստի հասցեն, փոստային հասցեն և պարբերականի հրատարակչության հետ նույնականացնող համարը։ Որպես պարբերականի բաժանորդ՝ Google-ը պարբերականի հրատարակչին կարող է տրամադրել նաև Ձեր կարդացած նյութերի ցանկը։ Google-ը և հրատարակիչը համաձայնության են եկել առ այն, որ պարբերականի հրատարակիչն օգտագործելու է այդ տեղեկությունները համաձայն պարբերականի հրատարակչի գաղտնիության քաղաքականության։ Ձեր բաժանորդագրությունը գնելու ժամանակ Ձեզ կարող է հնարավորություն տրվել հրաժարվել հրատարակչի հաղորդագրություններից, որը կապված չէ Ձեր կողմից գնվող բաժանորդագրության հետ, և հրաժարվել երրորդ անձանց գովազդային հաղորդագրություններից։ Google Play-ում ամսագրի մեկ թողարկում գնելու դեպքում Google-ը ամսագրի հրատարակչին կարող է տրամադրել Ձեր փոստային դասիչը։ Մենք պարբերականների հրատարակիչներին տրամադրում ենք նաև պարբերականների գնումների մասին վաճառքի տեղեկատվություն։

Պարբերականների տպագիր տարբերակների բաժանորդագրության ստուգում: Եթե որևէ բաժանորդագրություն Google Play Մամուլում հասանելի է Ձեզ համար այդ պարբերականի հրատարակչից դրա տպագիր տարբերակին Ձեր բաժանորդագրության միջոցով, մենք կարող ենք խնդրել որևէ երրորդ անձ ծառայություն մատուցողի հաստատել տպագիր պարբերականին Ձեր բաժանորդագրությունը և այդ նպատակով կարող ենք խնդրել Ձեզ տրամադրել որոշակի տեղեկություններ Ձեր բաժանորդագրության մասին։ Google-ը կօգտագործի այս տեղեկությունները համաձայն Google-ի գաղտնիության քաղաքականության։