Էդուարդ Հարենցը ծնվել է 1981թ. Տաթևում: Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը և Կահիրեի պետհամալսարանի՝ Արաբական լեզվի ու գրականության կենտրոնը։
Տպագրվել է «Նարցիս», «Գարուն», «Համայնք», «Newmag», «Литературная Армения», «Արտասահմանյան գրականություն», «Անդին», «Юность» (Մոսկվա), «Русское поле» (Մոլդովա), «Di tutti i colori» (Իտալիա), «ODA» (Գերմանիա) հանդեսներում, «Գրեթերթ», «Երկիր», «Եղիցի լույս», «Գրական թերթ», «Երկունք», «Եղեգան փող», «Երևանի համալսարան», «Ալմանախ», «Ուսուցիչ», «Ալիք» (Թեհրան), «Литературный Кавказ» (ՌԴ), «Современная поэзия» (ՌԴ), «Gazeta Shqiptare» (Ալբանիա), «Словото днес» (Բուլղարիա), «Листо.К. АБГ» (Վրաստան) և այլ թերթերում, «18-33. արդի հայ պոեզիա», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», «Գրական համալսարան», «Գրական Սյունիք. Գորիս», «Արմատ և լույս», «Ժամանակակից հայ պոեզիա» (անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն), «Буквы на камнях» («Տառեր քարերին», երկլեզու՝ հայերեն և ռուսերեն), և այլ գրական անթոլոգիաներում։
Նրա բանաստեղծությունները տեղ են գտել նաև Հայաստանի Կրթության ազգային ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրում (թիվ 5, 2012)։
«Գրեթերթի» քառակի մրցանակակիր է՝ 2007, 2009 և 2011 թթ. «Լավագույն բանաստեղծական շարք» և «Լավագույն թարգմանություն» անվանակարգերում։
2009թ. Էդուարդ Հարենցի թարգմանությամբ լույս է տեսել Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների «Քարի շնչառությունը» ֆրանսերեն ժողովածուն։
2011թ. նրա և այլոց թարգմանությամբ լույս է տեսել վրացական երիտասարդական պոեզիայի «Ծաղկած բառեր» երկլեզու անթոլոգիան։
Էդուարդ Հարենցի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։
2013թ. «Լեթարգիական արթնություն» ժողովածուի համար արժանացել է Իրինա Գյուլնազարյանի (ԱՄՆ) անվան՝ երիտասարդ բանաստեղծների առաջին մրցանակին («Տարվա լավագույն բանաստեղծական գիրք»)։