Մեսրոպ Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, Մեղրիում. արձակագիր է, լրագրող, հրապարակախոս։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1984 թվականին՝ Մեղրու շրջանային «Արաքս» թերթի խմբագրությունում: 1988 թվականին, այն ժամանակ «Ավանգարդի» գլխավոր խմբագրի տեղակալ Այդին Մորիկյանի հրավերով, մասնակցել է երկրաշարժից ավերված Սպիտակի «Լուսարձակ» թերթի վերականգնմանը՝ երկու շաբաթ աշխատելով դրա ժամանակավոր խմբագրությունում: Հենց Մորիկյանն էլ Մեսրոպ Հարությունյանին 1990 թվականին հրավիրեց նորաստեղծ «Հայաստանի Հանրապետություն» թերթում աշխատելու: Այդին Մորիկյանի այլ աշխատանքի անցնելուց հետո՝ 1997-1998 թվականներին Մեսրոպ Հարությունյանը եղել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ապա՝ 1998-1999 թվականներին «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրենը: Այս պաշտոնը թողնելուց հետո առավելապես զբաղվում է ստեղծագործական, հետազոտական, փորձագիտական և դասախոսական աշխատանքներով:
Մեսրոպ Հարությունյանի առաջին պատմվածքը՝ «Հարաբերական դադար» վերնագրով, լույս է տեսել 1987 թվականին՝ «Գարուն» ամսագրի հունիսյան համարում:
Հեղինակ է չորս գեղարվեստական գրքի.
— «Բացարձակ սև մարմին», պատմվածքներ, Երևան, 1998
— «Եռանկյան չորրորդ անկյունը», պատմվածքներ, Երևան, 2003
— «Հետհեղափոխությունն՝ իր եզրերով», պատմվածքաշար-վիպակ, 2004-ի նոյեմբերի 6-ին տպագրվել է «Առավոտ» օրաթերթում, 2005-ին՝ առանձին գրքով
— «Աբկայ. մեռնելու պարունակները», վեպ, Երևան, «Նաիրի» հրատ., 2007
2012 թվականին «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հրատարակած «Լրագրողական էթիկա. զրույցներ և վերլուծություններ» ժողովածուում հրապարակվել է Մ. Հարությունյանի հեղինակած «Զրույցներ լրագրողական էթիկայի մասին» ուսումնական ձեռնարկը:
Բանասիրական գիտությունների դոկտոր Վաչե Եփրեմյանը 2006-ին անդրադարձել է Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը» գրքին՝ «Գրականություն ըստ Մեսրոպի» գրախոսական հոդվածով, որը հրապարակվել է նախ «Ժամանակ Երևան» թերթի նոյեմբերի 8-ի և 9-ի համարներում, ապա և՝ Եփրեմյանի «Չգրված գրքի ծանոթագրություններ» ժողովածուում (Երևան, 2008):
1985 թվականին Մեսրոպ Հարությունյանն արժանացել է Երիտասարդական թեմաներով գրող լրագրողների հանրապետական մրցույթի առաջին մրցանակի, 2012-ին՝ «Գրողուցավ» գրական կայքի երկրորդ մրցանակի՝ «Հաշվեմատյան» պատմվածքի համար, 2014-ին՝ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի (շնորհում են Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը):