Մեսրոպ Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, Մեղրիում. արձակագիր է, լրագրող, հրապարակախոս։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1984 թվականին՝ Մեղրու շրջանային «Արաքս» թերթի խմբագրությունում։ 1988 թվականին, այն ժամանակ «Ավանգարդի» գլխավոր խմբագրի տեղակալ Այդին Մորիկյանի հրավերով, մասնակցել է երկրաշարժից ավերված Սպիտակի «Լուսարձակ» թերթի վերականգնմանը՝ երկու շաբաթ աշխատելով դրա ժամանակավոր խմբագրությունում։ Հենց Մորիկյանն էլ Մեսրոպ Հարությունյանին 1990 թվականին հրավիրեց նորաստեղծ «Հայաստանի Հանրապետություն» թերթում աշխատելու։ Այդին Մորիկյանի այլ աշխատանքի անցնելուց հետո՝ 1997֊1998 թվականներին Մեսրոպ Հարությունյանը եղել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ապա՝ 1998֊1999 թվականներին «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրենը։ Այս պաշտոնը թողնելուց հետո առավելապես զբաղվում է ստեղծագործական, հետազոտական, փորձագիտական և դասախոսական աշխատանքներով։
Մեսրոպ Հարությունյանի առաջին պատմվածքը՝ «Հարաբերական դադար» վերնագրով, լույս է տեսել 1987 թվականին՝ «Գարուն» ամսագրի հունիսյան համարում։
Հեղինակ է չորս գեղարվեստական գրքի.
— «Բացարձակ սև մարմին», պատմվածքներ, Երևան, 1998
— «Եռանկյան չորրորդ անկյունը», պատմվածքներ, Երևան, 2003
— «Հետհեղափոխությունն՝ իր եզրերով», պատմվածքաշար֊վիպակ, 2004֊ի նոյեմբերի 6֊ին տպագրվել է «Առավոտ» օրաթերթում, 2005֊ին՝ առանձին գրքով
— «Աբկայ. մեռնելու պարունակները», վեպ, Երևան, «Նաիրի» հրատ., 2007
2012 թվականին «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հրատարակած «Լրագրողական էթիկա. զրույցներ և վերլուծություններ» ժողովածուում հրապարակվել է Մ. Հարությունյանի հեղինակած «Զրույցներ լրագրողական էթիկայի մասին» ուսումնական ձեռնարկը։
Բանասիրական գիտությունների դոկտոր Վաչե Եփրեմյանը 2006֊ին անդրադարձել է Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը» գրքին՝ «Գրականություն ըստ Մեսրոպի» գրախոսական հոդվածով, որը հրապարակվել է նախ «Ժամանակ Երևան» թերթի նոյեմբերի 8֊ի և 9֊ի համարներում, ապա և՝ Եփրեմյանի «Չգրված գրքի ծանոթագրություններ» ժողովածուում (Երևան, 2008)։
1985 թվականին Մեսրոպ Հարությունյանն արժանացել է Երիտասարդական թեմաներով գրող լրագրողների հանրապետական մրցույթի առաջին մրցանակի, 2012֊ին՝ «Գրողուցավ» գրական կայքի երկրորդ մրցանակի՝ «Հաշվեմատյան» պատմվածքի համար, 2014֊ին՝ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի (շնորհում են Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը)։