«Սկանդալ», ռեժիսոր Ջեյ Ռոուչի՝ 2019 թվականին նկարահանված ամերիկյան դրաման, որը սցենարի հեղինակը Չարլզ Ռենդոլֆն է։ Ֆիլմի հիմքում ընկած են «Fox News» հեռուստաալիքի մի քանի աշխատակիցների պատմությունները, որոնք սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել «Fox News»-ի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզին։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Շարլիզ Թերոնը, Նիկոլ Քիդմանը և Մարգո Ռոբին։ Երկրորդական դերերում խաղացել են Ջոն Լիթգոուն, Քեյթ Մաքկիննոնը, Քոննի Բրիթոնը, Մալքոլմ Մաքդաուելը և Էլիսոն Ջենին։
Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան սահմանափակ վարձույթով կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին, լայն վարձույթով այն թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։
Ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է քննադատների դրական արձագանքներին։ Նրանք բարձր են գնահատել դերասանական խաղը, բայց քննադատել են սցենարը և թույլ տրված անճշտությունները։ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 77-րդ արարողությանը Թերոնը և Ռոբին անվանակարգ են ստացել՝ որպես, համապատասխանաբար, «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի»։