Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի (1885-1920) բանաստեղծությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։ Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «... Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:Հրատարակության հիմքում Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» ժողովածուն է (1912), կազմած իր՝ Տերյանի ձեռքով։